Ուրախ հարսանեկան խնջույքի բաղադրատոմս

---------------------------------

 

Գլխավոր>Բլոգ>Ուրախ հարսանեկան խնջույքի բաղադրատոմս

Ուրախ հարսանեկան խնջույքի բաղադրատոմս

 

Հարսանեկան խնջույքը հարսանյաց օրվա ամենահագեցած և ամենաուրախ պահերից մեկն է։ Ամենալավ ժամանակը լուսանկարչի համար խնջույքն է, հատկապես, երբ իրադարձությունները ժամ առ ժամ թափ են հավաքում՝ խարույկի նման ավելի ու ավելի թեժանալով։

Ամեն մեկն իր դերն ունի Ձեր հարսանիքում։ Իմ կարծիքով հյուրերը գալիս են հանգստանալու, ուրախանալու և բազմապատկելու Ձեր ուրախությունը։ Այդ պատճառով լուսանկարահանումը ավելի լավ է վստահել մասնագետի, ով կպատմի օրվա պատմությունը և ամեն լուսանկարի մեջ այդ օրվա տրամադրությունը կարտահայտի։ Իրական զգացմունքների համար հարկավոր է համապատասխան միջավայր, իսկ այն ձևավորվում է լավ դահլիճից, համապատասխան հաղորդավարից, հյուրերից, երաժշտությունից և այլ բաղկացուցիչներից։ Ամեն զույգ չէ, որ ուզում է հարսանիքը վերածել դիմակահանդեսի, հաճախ կարելի է նաև ընտանեկան ջերմ միջավայրում անցկացնել այն, կամքը Ձերն է։

Տոնական մթնոլորտը ստեղծվում է բազմաթիվ մասնիկներից, որոնք ավելի ճիշտ է հաշվի առնել դեռ պլանավորման փուլում։ Որպես լուսանկարիչ՝ կարող եմ ինձ թույլ տալ նշել դրանցից մի քանիսը։

 

Իհարկե, Ձեր հյուրերը։ Տվե՛ք նրանց ազատություն և էմոցիաներ։ Էլ ովքե՞ր պետք է տոնին համ ու հոտ հաղորդեն, եթե ոչ նրանք։ Ձեր հարսանիքը այն տոնական առիթն է, որտեղ երկու կողմերի բարեկամներն ու ընկերները ծանոթանում են, ընկերանում և անմոռանալի, իսկապես ուրախ ժամանակ են անցկացնում։ Խնջույքի ծրագիր և սցենար կազմելով՝ նվիրեք նրանց հաճելի պահեր ապրելու հնարավորություն։

 

Հաղորդավար։ Ավելի լավ է գտնել իր գործի իսկական մասնագետի, ով ի վիճակի է հասկանալ միջավայրը, համագործակցել շրջապատի հետ՝ աստիճանաբար բարձրացնելով բոլորի տրամադրությունը ամենաբարձր մակարդակի։ Պետք եղած ժամանակ կարելի է նաև անցնել մի փոքր լիրիկական նոտաների, շունչ քաշելու ժամանակ տալ, բայց հարսանիքի դինամիկայի վերահսկումը պետք է լինի նրա անմիջական պատասխանատվության ներքո։

Հաղորդավարի ընտրությանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Մի՛ շտապեք։ Ուսումնասիրե՛ք նրա աշխատանքները, ծանոթացե՛ք ծրագրերին։ Մտածե՛ք, թե ինչ եք ցանկանում հենց Դուք և որքան հնարավոր է մանրամասն պատմեք Ձեր պատկերացումների մասին երեկոյի վերաբերյալ։ Այստեղ, իմ կարծիքով, անհրաժեշտ է անհատական մոտեցում, հաշվի առնելով Ձեր ցանկությունները և հաղորդավարի մասնագիտական փորձը։

Հարսանեկան հաղորդավարը Ձեր երեկոյի հիմքն է։

 

DJ կամ երաժիշտներ։ Այստեղ ամեն մեկն ընտրում է իր ճաշակին համապատասխան։ Երաժիշտների կողմից եկող թեժ ռիթմերն ու էներգիան չեն թողնի Ձեր հյուրերին հանգիստ նստել իրենց տեղերում և բոլորին կբերեն պարահրապարակ, որտեղ արդեն կտիրի խելահեղ տրամադրություն։

 

Եթե Դուք ցանկանում եք ստեղծել Ձեր և հյուրերի համար իրական ներկայացում, կարելի է հրավիրել պրոֆեսիոնալ արտիստների, որոնք կարող են համ ու հոտ ավելացնել հարսանիքին։ Հայաստանում ընտրությունը շատ մեծ է՝ աճպարարներից մինչև մեծ կոլեկտիվներ, որոնք ելույթներ են ունենում անհավանական ու հետաքրքիր ծրագրերով։ Հատուկ ուշադրություն կուզեմ գրավել ազգային-ժողովրդական խմբերի վրա, որոնց ներկայությունը միանգամից մթնոլորտ է փոխում։

Որպես հարսանեկան լուսանկարիչ՝  ինձ համար շատ հաճելի է աշխատանքային օրվա ավարտին սարքավորումները դասավորելիս, պատկերացնել նորապսակների դեմքերը մտերիմների ու հարազատների հետ նկարները նայելու պահին՝ խորասուզված տոնական մթնոլորտի մեջ։ Իսկ ինչպիսի՞ն կլինի նկարների հերոսների զարմանքը հենց իրենց տեսնելիս։

Մտածված և նախապատրաստված հարսանեկան երեկոն իսկական տոն է, որտեղ տեղի են ունենում անհավանական իրադարձություններ։ Այդ տոնի շունչը զգալու  հնարավորություն ունեք ոչ միայն հանդիսության ժամանակ, այլ նաև տարիներ հետո՝ լուսանկարներին նայելիս ուրախանալով ջերմ հիշողություններով, վերապրելով այդ ակնթարթները նորից ու նորից։

 

Հարգելի՛ ընթերցող, շնորհակալություն ուշադրության համար, շատ հաճելի է, որ ժամանակ գտաք իմ բլոգ այցելելու։ Մինչ նոր հանդիպում։

 

Հարգանքներով՝ լուսանկարիչ Արամ Կիրակոսյան։

 

Copyright Aram Kirakosyan 2018

Հարցերի դեպքում կարող եք կապնվել

Հետևե՛ք ինձ