Հայաստանում լավագույն հարսանեկան լուսանկարիչը. ինչպե՞ս գտնել նրան

-------------------------------------------------------------

 

Գլխավոր>Բլոգ>Հայաստանում լավագույն հարսանեկան լուսանկարիչը. ինչպե՞ս գտնել նրան

Հայաստանում լավագույն հարսանեկան լուսանկարիչը. ինչպե՞ս գտնել նրան

 

Լուսանկարչությունը, որպես ժամանակակից արվեստի մաս պատկերացնելիս՝ պետք է հասկանալ, որ ամեն ինչ հիմնված է անհատական ճաշակի և սուբյեկտիվ կարծիքի վրա։ Հարսանեկան լուսանկարը կամ միանգամից աչքի է ընկնում, էմոցիաներ պարգևում կամ ուղղակի անցնում կողքովդ՝ առանց որևէ նշանակալի տպավորություն թողնելու։ Այս անգամ որոշեցի գրել այն մասին, թե ինչպես ընտրել լավագույն հարսանեկան լուսանկարչին հենց Ձեզ համար։ Ի տարբերություն հարսանեկան մյուս մասնագիտությունների (երաժիշտներ, ֆլորիստներ, հրուշակագործներ և այլն)՝ Ձեր հարսանեկան լուսանկարները հնարավոր չի լինի տեսնել, շոշափել կամ զգալ մինչ հարսանիքի օրը։ Դուք չեք կարող հստակ իմանալ, թե ինչ կստանաք քանի դեռ հարսանիքը չի կայացել։ Երբեք չեք կարող հստակ իմանալ, թե ինչպիսին կլինեն Ձեր հարսանեկան լուսանկարները։ Դրա համար՝ գիտակցելով գեղեցիկ կադրերի կարևորությունն ու նշանակությունը ընտանեկան պատմության մեջ, պետք է բծախնդրորեն մոտենալ հարսանեկան լուսանկարչի ընտրությանը՝ հաշվի առնելով նրա պրոֆեսիոնալ փորձը, ոճը և Ձեր ճաշակի հետ համապատասխանելիությունը։

Wedding bouquet lefted by bride during wedding photosession in Armenia

Հայաստանում լավագույն հարսանեկան լուսանկարիչ ընտրելու ուղեցույց իմ կողմից

 

Քայլ 1. Գտե՛ք լուսանկարների Ձեր նախընտրած ոճը

Նախևառաջ պետք է որոշել, թե ամենից շատ ինչպիսի ոճի հարսանեկան լուսանկարներ եք հավանում։ Սա հասկանալով՝ մոտավորապես կպատկերացնեք, թե ինչպիսին պետք է լինի Ձեր հարսանեկան լուսանկարիչը։

Ահա մի քանի ոճ, որ հաճախ կհանդիպեք հարսանեկան լուսանկարչության մեջ.

 

Դոկումենտալային լուսանկարչություն

Բեմադրված կադրերի շարքի փոխարեն, դոկումենտալային լուսանկարիչը փնտրում է հարսանեկան անցուդարձի անկանխատեսելի և պայծառ պահերը։ Իրական ֆոտոլրագրության պարագայում չեք տեսնի մարդկանց տեսախցիկի մեջ նայելիս. նկարահանումը տեղի է ունենում անմիջապես ամենահետաքրքիր պահերին և այս ամենը յուրատեսակ մի պատմություն է պատմում։ Հիշե՛ք, որ պայծառ զգացմունքների և հուզիչ պահերի համար պետք է նաև հիմք՝ համապատասխան մթնոլորտ ու իրադարձություններ։

 

Բեմադրված լուսանկարչություն

Եթե Դուք նախընտրում եք դասական պորտրետներ և ավելի հավասարակշռված ապրելակերպ ունեք, ապա նախընտրելի է պորտրետային լուսանկարիչ ընտրելը։ Այս պարագայում կստանաք ավանդական, դասական ոճի նկարներ ինչ-որ գեղեցիկ ֆոնի առջև։ Սա ավելի կանխատեսելի և երաշխավորված տարբերակ է զույգերի մեծամասնության համար։ Կանխատեսելիության հետ մեկտեղ, այս դեպքում էլ իհարկե կլինեն որոշ ստեղծագործական մոտեցումներ։

 

Ստեղծագործական (Fine-Art) լուսանկարչություն

Շատ դժվար է կոնկրետ բնորոշում տալ այս ոճին, քանի որ ստեղծագործական հարսանեկան լուսանկարչության մասին պատկերացումները բավականին լղոզված են։ Fine-art-ի կարևոր բաղադրիչն է ձևավորողի ներկայությունը՝ կլինի դա մոմերի դասավորություն, հատուկ ատրիբուտների, թե այլ իրերի ձևավորում, որոնք տեղակայված են հարսանեկան ֆոտոսեսսիայի անցկացման վայրում։ Շատ լուսանկարիչներ այս ոճում օգտագործում են ժապավենային տեսախցիկ, կամ փորձում են լուսանկարները ժապավենայինին նմանեցնել մշակման միջոցով։ Նուրբ կոնտրաստը, ժապավենային էֆեկտի առկայությունն ամեն կադրում և յուրահատուկ մթնոլորտը հենց բնութագրում են Fine-art-ը։

 

Բեմադրված-դոկումենտալային լուսանկարչություն

Անունից իսկ կարելի է ենթադրել, որ սա բեմադրված և դոկումենտալային ոճերի խառնուրդն է։ Երբեմն պետք չէ ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնել։ Գրեթե յուրաքանչյուր զույգ էլ ուզում է ունենալ և՛ դասական պորտրետներ, և՛ անսպասելի ու կյանքով լի լուսանկարներ։ Սա ոսկե միջինն է, որը շատ հոգեհարազատ է նաև ինձ։ Այստեղ լուսանկարիչը տալիս է մի փոքր հուշում և ուղղություն ցույց տալիս զույգին, բայց չի խանգարում նրանց հարսանիքի հեքիաթը ողջ ուժով վայելելուն։ Զույգն էլ, բնականաբար, և՛ ազատ է իր ցանկությունների ու առաջարկների մեջ, և՛ ցանկության դեպքում կարող է հետևել լուսանկարչի ուղղություններին։

 

 

Bride And Groom standing in fields on Ararat Golf Club Vahakni Restaurant in front of Ararat Mountain.

Քայլ 2. Ուսումնասիրե՛ք Ձեր պոտենցիալ լուսանկարչին

Սկսե՛ք փնտրել՝ օգտագործելով Ձեր ծանոթների խորհուրդները կամ համացանցի հնարավորությունները։ Ուշադի՛ր ուսումնասիրեք պոտենցիալ լուսանկարչի կայքը, բլոգը, լուսանկարների պորտֆոլիոն։ Մի պահ մտածե՛ք, թե որքանով է տեսածը համապատասխանում Ձեր ճաշակին. նույնիսկ կայքի տեսքը, մտքերի շարադրանքը կարող են բավարար պատկերացում տալ լուսանկարչի՝ նրա անհատականության և ստեղծագործական պոտենցիալի մասին։ Այցելե՛ք նաև նրա սոցիալական ցանցեր։ Փորձե՛ք գտնել նախկին հաճախորդների թողած կարծիքները։ Այս ամենը կօգնի ավելի լավ պատկերացում կազմել մարդու և նրա պրոֆեսիոնալ մակարդակի վերաբերյալ։ Ինչքան շատ լինեն ձեր նմանությունները, թեկուզ ինչ-որ նախասիրություններում, բնականաբար, այնքան հեշտ կլինի ձեր համագործակցությունը միմյանց հետ։

 

Քայլ 3. Հանդիպե՛ք  լուսանկարչի հետ

Սա կարևոր ընտրություն է, որը դժվար է ընդունել հեռավորության վրա։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս անձամբ հանդիպել լուսանկարչին։ Եթե հավանում եք կայքում ներկայացված պորտֆոլիոն և փնտրում եք լուսանկարիչ հենց այդ գնային տիրույթում, զանգահարե՛ք և նախ ճշտե՛ք Ձեր հարսանիքի ամսաթվի ազատ լինելը։ Նույնիսկ եթե լուսանկարիչը զբաղված լինի, հնարավոր է՝ իր ոճին նման մեկ ուրիշի կարողանա առաջարկել։ Իսկ հանդիպումը կօգնի ծանոթանալ և ավելի լավ ճանաչել միմյանց։ Պատրա՛ստ եղեք ինչքան հնարավոր է շատ պատմելու  Ձեր հարսանիքի, ցանկությունների և պատկերացումների մասին։ Մենք լուսանկարիչներ ենք, այլ ոչ տելեպատներ (դժբախտաբար, իհարկե), իսկ ամեն զույգ բնականաբար, պահանջում է անհատական մոտեցում և աշխատելաոճ։

 

Քայլ 4. Տեսե՛ք հարսանեկան լուսանկարների ամբողջական շարք

Խորհուրդ չեմ տա որոշում կայացնել՝ հիմնվելով միայն պորտֆոլիոյում տեղադրված լավագույն լուսանկարների վրա։ Այս կերպ Դուք չեք կարող ամբողջական պատկերացում կազմել, թե արդյունքում ինչ որակի ու քանակի աշխատանք եք ստանալու։ Նայե՛ք գոնե մի քանի հարսանիքի ամբողջական շարքեր` առավոտից մինչև տորթ կտրելու արարողությունը, որպեսզի ավելի հստակ պատկերացում ունենաք։

Marriage proposal from groom during the wedding photosession in Armenia.
The groom lifting the bride in field of Vahakni Restaurant at sunset

Քայլ 5. Համոզվե՛ք, որ լուսանկարիչը համապատասխանում է Ձեզ՝ որպես մարդ և անհատականություն

Պետք չէ թերագնահատել այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին է անձնական փոխհարաբերությունները լուսանկարչի հետ։ Վերջիվերջո, դուք պետք է միասին մի ամբողջ օր անցկացնեք և շփվեք հարսանիքից առաջ և անգամ հետո։ Փորձե՛ք գտնել ինչ-որ նմանություններ լուսանկարչի հետ։ Գաղտնիք չէ, որ հոգեհարազատ և նման աշխարհընկալումով մարդու հետ շփումը ավելի հեշտ է լինում։ Գնահատե՛ք նրա արտաքին տեսքը, պահելաձևը, թե որքանով է հետաքրքրված Ձեր արարողությամբ, որքան հասկանալի է արտահայտում իր մտքերը և գաղափարները, և այլն։  Այս բոլոր մանրուքները կօգնեն հասնել լավ արդյունքի և գտնել Ձեզ համապատասխան լավագույն լուսանկարչին։

 

Քայլ 6. Քննարկե՛ք համագործակցության պայմանները

Դուք, որպես հաճախորդ, պետք է ստանաք հստակ պատկերացում աշխատաժամանակի և լուսանկարչի հետ համագործակցության պայմանների մասին։ Բացի պահանջներից՝ Ձեր առջև, որպես պատվիրատու, նույնպես կան որոշակի պարտականություններ լուսանկարչի հանդեպ։ Օրինակ՝ տրամադրել ժամանակ ֆոտոսեսսիայի համար և պատրաստ լինել ստեղծելու անհրաժեշտ պայմաններ ու տրամադրություն լավ լուսանկարներ ստանալու համար։ Տեսախցիկը շատ ճշմարտախոս է, և եթե, օրինակ, մասնագետը խորհուրդ է տալիս առավոտյան ֆոտոսեսսիան անցկացնել հյուրանոցում, կամ ընտրել կոկրետ այգի դրա համար, ավելի լավ է ընդունել խորհուրդը՝ լավագույն լուսանկարներ ստանալու համար, որովհետև որոշ հատուկ կադրեր պահանջում են նկարահանման առանձնահատուկ պայմաններ։

 

Քայլ 7. Վստահե՛ք մասնագետին

Հարսանեկան լուսանկարիչը, որքան էլ որ տարօրինակ չէ, մասնակցել է մեծ քանակի միջոցառումների և տիրապետում է որոշակի փորձի և ստեղծագործական հայացքի, որին արդեն վստահել եք։ Այնպես որ, հարսանիքի օրը ուղղակի թուլացե՛ք և վայելե՛ք Ձեր տոնը։

 

Հարգելի՛ ընթերցող, շնորհակալություն ուշադրության համար, շատ հաճելի է, որ ժամանակ գտաք իմ բլոգ այցելելու։ Մինչ նոր հանդիպում։

 

Հարգանքներով՝ լուսանկարիչ Արամ Կիրակոսյան։

 

Copyright Aram Kirakosyan 2018

Հարցերի դեպքում կարող եք կապնվել

Հետևե՛ք ինձ

Wedding bouquet lefted by bride during wedding photosession in Armenia
Bride And Groom standing in fields on Ararat Golf Club Vahakni Restaurant in front of Ararat Mountain.
Marriage proposal from groom during the wedding photosession in Armenia.
The groom lifting the bride in field of Vahakni Restaurant at sunset
Wedding bouquet lefted by bride during wedding photosession in Armenia
Bride And Groom standing in fields on Ararat Golf Club Vahakni Restaurant in front of Ararat Mountain.
Marriage proposal from groom during the wedding photosession in Armenia.
The groom lifting the bride in field of Vahakni Restaurant at sunset